ՀՀՇ արտահերթ համագումարում կրքերն ու քննարկումները բուռն են։ ՀՀՇ մի քանի անդամներ բավական բուռն դժգոհություն հայտնեցին կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» վերանվանելու վերաբերյալ։
Ակնհայտորեն ՀՀՇ-ի վերակազմավորումից եւ վերանվանումից դժգոհ են ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, իսկ շարքային անդամներից մեկին էլ զայրացրել էր ՀՀՇ-ի, իր բառերով, «ցրումը» եւ նա դա մուսավաթական քայլ համարեց։
Նշենք, որ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը ներկայացրեց Հայ ազգային կոնգրես կուսակցության կազմավորման ձեւը, ինչպես են անդամակցելու եւ ղեկավարելու կուսակցությունը:
Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը փորձում են ՀՀՇ անդամներին բացատրել, որ սա չի նշանակում ցրել ՀՀՇ-ն, այլ էլ ավելի է ամրացնում այն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կայացած ՀՀՇ համագումարում նախագիծ է բաժանվել, ըստ որի ՀՀՇ կուսակցությունը վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 28 անհատներ դիմել են Արդարադատության նախարարություն` Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու համար: «Նոր կուսակցություն չի ստեղծվում, ՀՀՇ-ն անունը փոխում են, դա երեւում է, երբ նախաձեռնողներին նայում ես, կեսը ՀՀՇ-ից են, կեսն էլ անկուսակցական, որոնք վերջին տարիներին կորդինացրել են Կոնգրեսի աշխատանքները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:











