Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի արեւելքում եռօրյա ռազմական մանեւրներ  է սկսել՝ «Մեծ մարգարե 8» անվանումով։ Ուսումնավարժանքի ընթացքում նորագույն սպառազինություն կփորձարկվի։

Իրանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է, թե ինչպես են տանկերն ու հրետանին հրետակոծում հակառակորդի ենթադրյալ դիրքերը։

Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մուհամեդ Պակպուրը հայտարարել է, որ ուսումնավարժանքն անցկացվում է Քերման եւ Սիրջան քաղաքների մերձակայքում։ Նպատակը նորագույն սպառազինության փորձարկումն է, մարտական պատրաստականության պահպանումը եւ անհամաչափ մարտական գործողությունների նախապատրաստումը։

«Մեծ մարգարե» զորավարժությունն անցկացվում է ամեն տարի։ 2012թ. հուլիսին դրա շրջանակում Սեման նահանգում հրթիռակոծություն էր կազմակերպվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը ստեղծվել է 1979-ի ապրիլին, ենթակա է Իրանի գերագույն առաջնորդին։ Այն կազմված է գլխավոր հրամանատարությունից, միացյալ շտաբից,  ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերից։ Դրա կազմում են   «Կոդս» եւ «Բասիջ» ջոկատային ուժերը։