Հինգերրորդ սերնդի ռուսական Տ-50 կործանիչը փետրվարի 12-ին իրականացրել է երկրորդ փորձնական թռիչքը։
«Интерфакс»-ի հաղորդմամբ, փորձերն անց են կացվել Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն արտադրական միավորման օդակայանում։
Թռիչքը տեւել է 57 րոպե եւ, փորձագետների կարծիքով, բարձր մակարդակով է անցել։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը GZT.ru –ին հայտարարել է, որ Տ-50 կործանիչը մի շարք առավելություններ ունի ամերիկյան իր սերնդակցի F-22 Raptor-ի համեմատ։
Նրա խոսքերով, սա նախեւառաջ բարձր, «գրեթե մարդկային ինտելեկտ է»։ Կործանիչի վրա կարող են տեղակայվել կախման 10 կետեր ռմբախցերում, ու եւս երկու լրացուցիչ արտաքին պիլոններ։
Մակարովը նաեւ հայտարարել է, որ Տ-50-ը ավելի էժան կլինի ամերիկյան իր սերնդակցից, սակայն որոշակի գին չի նշել։




























