Հարավային Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգներն արդեն վաղուց տեղակայել է հակահրթիռային համակարագերի տարրեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուսաստանաբնակ իրանագետ Կարինե Գեւորգյանը։
Գեւորգյանն ընդգծել է, որ լրագրողները եւ ոչ մասնագետները, առանց գիտակցելու սենսացիաներ եւ բարձրագոչ վերնագրերով հոդվածներ են պատրաստում՝ չհասկանալով, որ հենց այդ հակահրթիռային անվտանգության համակարգերը եւ նրա տարրերն արդեն տեղակայված են Հարավային Կովկասում։ Որպես վառ օրինակ նա նշեց Թուրքիայի օդակայանը, ոչ ստացիոնար ռադարներն Ադրբեջանում եւ էլի ինչ-որ բան Վրաստանում։
«Հակահրթիռային համակարգերի տեղակայման մասին խոսակցությունները դրա տակ թաքնված լուրջ քաղաքական իմաստների արտաքին երեսպատումն են»,-նշեց փորձագետը։
Նրա կարծիքով, պետք չէ մեծ նշանակություն տալ այդ հայտարարություններին, բացի այդ՝ Ռուսաստանը, իբրեւ հակակշիռ, Հայաստանում ունի իր օբյեկտները, «իրականում այստեղ ոչինչ չկա քննարկելու»։
«Այն, որ ամերիկացիները Ռումինիայում կցանկանային ուժեղացնել իրենց զորակազմը կամ էլ ռազմակայանները, հասկանալի է, իսկ թե՞ ում է դա սպառնում, ավելի մեծ հարց է։ Գուցեեւ Թուրքիայի՞ն»,-ընդգծել է Գեւորգյանը։
Խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումից, փորձագետն ասել է, որ այս հարցում ամենամեծ դերակատարությունն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Չինաստանը « ոչ մի դեպքում չպետք է այդպիսի քայլեր ձեռնարկի»։
«Եթե Չինաստանը բացեիբաց հայտարարում է ոչ, ապա դա վերջնական որոշում է եւ փոփոխության ենթակա չէ։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա մանեւրելու հնարավորություն ունի, սակայն համարժեք քաղաքական ուժ չի այդ խաղում»,-ասաց նա։
Իրանագետի խոսքերով, Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման հնարավորությունն այդքան էլ մեծ չէ։
«Թուրքիայում բարդ իրավիճակ է, բանակը, որը ապահովում է երկրի կայունությունը, հիմա երերուն վիճակում է։ Բացի այդ, նույն արմատական ազգայնականները, որքան էլ տարօրինակ է, գալով իշխանության, ցուցադրում են բավականին մեղմ քաղաքականություն»,- հավելեց փորձագետը՝ ընդգծելով, որ այս հարցում Անկարան ժամանակը կձգձի, քանի դեռ իրավիճակը վերջնականապես պարզված չէ։
Այն դեպքում, երբ թուրքական իշխանությունները արձագանքեն Վաշինգտոնի առաջարկին, դա Թուրքիայում կարող է առաջացնել լուրջ անկայունություն։
Հիշեցենք, որ Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման գործում Թուրքիայի մասնակցության հարցը ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը բարձրացրել էր Անկարա եւ Ստամբուլ կատարած այցելությունների ժամանակ։




























