Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` փետրվարի 25-ին, ժամը 11.30-ին, մեկնարկել է բողոքի ակցիա (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ երիտասարդներ պաստառներով հավաքվել են եւ ուսանողությանը կոչ են անում դասադուլ անել, միանալ պայքարին: Պաստառները հետեւյալ գրություններով են` «Բարեւ, ոտքի բոլորը, բարեւ դասադուլ, բարեւ արդարություն, ոչ ասացեք կոռուպցիային, մեր ձայները չեն վաճառվում» եւ այլն: Երիտասարդները շեշտել են, որ իրենց բողոքի ակցիայով չեն խանգարում դասապրոցեսին, քանի որ այն անցկացնում են դասամիջոցին: Տարածքում մեծաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կան:
Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարություն էին տարածել եւ նշել. «Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնի»:
12:10
Ուսանողները «Դասադուլ, դասադուլ» բացականչություններով ԵՊՀ-ից շարժվել են Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ եւ այժմ այնտեղ են շարունակում բողոքի ակցիան:
12:35
Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի մոտ: Ակցիայի մասնակիցների առաջ թե Տնտեսագիտական համալսարանում,թե Բժշկական համալսարանում, փակել են դարպասները: Նրանք բացականչում են` «ամոթ, ամոթ»,իսկ ոստիկանները թույլ չեն տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանի տարածքից: Ի դեպ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ միջադեպ եղավ, ուսանողներից մեկը անվայել արտահայտություններ արեց իրեն նկարահանող լրագրողին:
12:50
Բողոքի ակցիայի մասնակիցները` «Միացում, դասադուլ» շարժվել են դեպի Աբովյան փողոցի վրա գտնվող ԵՊՀ մյուս մասնաշենքեր: Նրանց ակցիան շարունակում են հսկել բազմաթիվ ոստիկաններ:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ առավոտյան ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Նրանց փոխանցմամբ` բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում: ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











