«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ հատուկ մարտավարական նպատակ չի հետապնդում, առավել եւս՝ նախարարական պորտֆելի հետեւից ընկած չէ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցները ձգտում են զգալի փոփոխություններ կատարել Հայաստանի ներքաղաքական կյանքում», - ասել է քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ քարոզարշավի հետ ուղղակիորեն կապված բոլոր փուլերը անցյալում են մնացել, եւ այն, որ մենք ունենք այս պահին, դա Րաֆֆի Հովհաննիսյանի փորձն է՝ օգտագործելու այն լուրջ ռեսուրսը, որը ստացել է հավաքած ձայների շնորհիվ:
Փորձագետի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կողմնակիցները քաղաքական պայքարի ձեւերից մեկն են ռեալիզացնում, որը քաղաքական գործընթացների բոյկոտ չի ենթադրում:
«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից ելնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ նա զգուշանում է «գունավոր հեղափոխությունից»: Հովհաննիսյանը քաղաքական պայքարի այն ձեւն է ընտրել, որով չի ճանաչում քվեարկության արդյունքները, բայց ուժային մեթոդների չի դիմում», - ամփոփել է Մինասյանը:




























