«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքների մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 26-ից` երկու ամսվա ընթացքում, ընկերության բջջային ցանցի ենթակառուցվացքները կանցնեն  կառավարման նոր համակարգի, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի եւ կկատարելագործվի բջջային կապի ծառայությունների հուսալիությունը  եւ որակն ողջ ՀՀ տարածքում:

Ցանցի վերակառուցման ամբողջ ընթացքում, կառավարման նոր համակարգի անցման հիմնական աշխատանքները կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին եւ կեսգիշերից հետո: Ընկերությունը տեղեկացնեւմ է բջջային կապի հնարավոր սահմանափակումների մասին: Մասնավորապես, կարող են նկատվել  լրացուցիչ ծառայությունների տրամադրման ժամանակավոր դադարեցում կամ հաշվի լիցքավորման ուշացում: Ընկերությունը հայցում է իր հաճախորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար եւ հավաստիացնում, որ կձեռնարկի բոլոր միջոցները տեխնիկական վերազինման հետեւանքով բաժանորդին պատճառվող անհարմարությունները նվազեցնելու նպատակով: Այդ պատճառով հիմնական աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին:

Ցանցում գրանցվելիս կամ բջջային կապի լրացուցիչ ծառայություններից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում, ընկերությունը խնդրում է անջատել եւ միացնել հեռախոսը կամ զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն` (08000) 0611 կարճ հեռախոսահամարին: