Բրյուսելում փետրվարի 25-ին սկսվել է Ուկրաինա-Եվրամիություն 16-րդ գագաթաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Հիմնական թեմաներից կդառնան այս տարի Ուկրաինայի կողմից  ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրով անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցերը:

ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ «Բատկիվշչինայի» պատգամավորները փորձել են Բրյուսելում Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի առթիվ ցույց անցկացնել:  Նրանք աջակիցների խմբի հետ   պաստառներով դիրքավորվել են ԵՄ-ի Խորհրդի շենքի VIP-մուտքի մոտ: 30 րոպե անց նրանց են մոտեցել Բելգիայի ոստիկանության ներկայացուցիչները եւ ստիպել  դադարեցնել բողոքը: Ա. Պավլովսկին ՈՒՆԻԱՆ-ին պատմել է, որ իրենցից վերցրել են դիվանագիտական անձնագրերը:

Միաժամանակ «Ինտերֆաքս Ուկրաինան» հայտնում է, որ Կիեւի կենտրոնում ընդդիմության շուրջ 5 հազար կողմնակիցներ «Կիեւցիները դեմ են քաղաքական հալածանքներին» կարգախոսով բողոքի երթ են անցկացրել: Երթի մասնակիցներն անցել են կենտրոնական փողոցներով եւ իջել դեպի անկախության Մայդան: Նրանք կրում էին  «Բատկիվշչինա», «Սվոբոդա» կուսակցությունների, Ուկրաինայի Եվրոպական կուսակցության, ինչպես նաեւ ազգային դրոշներ: Բողոքողները գոչել են «Ազատություն Յուլիային»:  Շարասյունը գլխավորել են «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը եւ «Բատկիվշչինայի» ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը: 

Մայդանի ցույցի մասնակիցները  բանաձեւով դիմել են Եվրախորհրդարանին` խնդրելով սատարել ԵՄ-ում Ուկրաինայի ասոցացված անդամություն ստանալու հարցում, ինչպես նաեւ անհատական պատժամիջոցներ կիրառել դատական իշխանության ներկայացուցիչների եւ Ուկրաինայի կառավարության անդամների նկատմամբ:

Փաստաթղթում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Լուցենկոյի նկատմամբ ուկրաինական իշխանության  գործողություններին գնահատական տալու կոչ է պարունակվում: