Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Քյու-Հենին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ընդգծել է, թե Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով առեւտրատնտեսական համագործակցությանը` վարչապետն անհրաժեշտ է համարել իրավական դաշտի ձեւավորումը, գործարարների միջեւ անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը եւ կորեական ընկերությունների կողմից ներդրումների խրախուսումը Հայաստանում մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում, ինչպես, օրինակ՝ կորեական ընկերության մասնակցությունը Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով երկաթգծերի նախագծման եւ կառուցման կորեական հարուստ փորձը` Հայաստան-Իրան երկաթուղին նույնպես կարող է հետաքրքություն ներկայացնել կորեական ընկերությունների համար: