Հայաստանի 50 դպրոցների կտրվեն ուսումնական ռոբոտների կոմպլեկտներ՝ ռոբոտաշինական խմբակներում պարապմունքների համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հատուկ այդ նպատակով ԻՏՁՄ-ն նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ռոբոտները դպրոցներին կտրամադրվեն պիլոտային ծրագրի շրջանակներում:

Դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013թ. սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտների ծրագրավորումը հնարավոր կլինի Լաբվյու, Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո ծրագրերի միջոցով:

Այսօր ռոբոտաշինության խմբակներ կան Երեւանում գործող «Այբ» դպրոցում, «Քվանտ» եւ «Պոլիտեխնիկ» վարժարաններում, իսկ մարզերից` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) եւ Արագածոտնում (Թալին):  

Ծրագիրն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» եւ   «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ: