«Կասպերսկի լաբորատորիայի» մասնագետները լրտեսական նոր ցանց են հայտնաբերել, որը գաղտնի տվյալներ է գողանում 20 պետությունների ընկերություններից եւ կազմակերպություններից:

Կիբերհարձակման զոհ են դարձել Ուկրաինայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Իռլանդիայի եւ այլ երկրների կառավարական կազմակերպությունները: Վնասակար ծրագրերը հայտնաբերվել էին  նաեւ ԱՄՆ-ի հետազոտական անանուն ինստիտուտի եւ բժշկական հաստատության համակարգիչներում:

Ընկերության փորձագետները նշում են, որ  հարձակման յուրահատկությունն այն է, որ  սովորական վնասակար ծրագիրն ունի ժամանակակից վիրուսներին ոչ բնորոշ առանձնահատկություններ: Դրա հիմնական մոդուլը մեծ չէ (20 կբ) եւ գրված է մեր օրերում քիչ օգտագործվող Ասեմբլեր լեզվով:  Այսինքն՝ ծրագրի հեղինակները հիանալի պատկերացնում են, թե ինչպես են հակավիրուսային վերլուծաբանները վնասազերծում նոր վիրուսները, եւ այդ պատճառով էլ այն համալրել են վերլուծությունը բարդացնող մի շարք առանձնահատկություններով, գրում է «Ռոսբալտը»:

MiniDuke (անգլ` մինի դուքս) ծրագիրը զոհի համակարգչում է հայտնվում` կիրառելով Adobe Reader ծրագրում վերջերս հայտնաբերված խոցելիությունը: Վիրուսից հետո ծրագիրը Twitter-ով կապվում է ստեղծողների հետ եւ կատարում նրաց հրամանները: 

Դեռ հայտնի չէ` ինչ տեսակի տեղեկատվություն է որսում MiniDuke-ը եւ ով է դրա հեղինակը: Հարձակումը շարունակվում է արդեն մի քանի ամիս: