Google-ի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը, սմարթֆոնները «ապակու անօգուտ կտոր» է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Քալիֆորնիայի Լոնգ Բիչի TED («Technology Entertainment Design») կոնֆերանսում: Բացի այդ, Google-ի հիմնադիրը տարածված գադջետների առնչությամբ օգտագործել է «emasculating» տերմինը, որը կարելի է թարգմանել «ինչ-որ բան անելու ցանկությունից կամ հնարավորությունից զրկող»:

Միաժամանակ,  գրում է lenta.ru-ն, Google-ի ընդհանուր շահույթում բջջային սարքերից ստացված եկամուտն աճում է: Եթե 2011թ.  սմարթֆոններից ստացված եկամուտը կազմում էր   ընդհանուրի 7%-ը, ապա 2012թ. այդ ցուցանիշը հասել է 16%-ի: Բջջային շուկայից ստացված եկամուտը եռակի է դարձել` 2,5-ից մինչեւ ութ միլիարդ դոլար: 

Կոնֆերանսին Google-ը նորից ներկայացրել է Glass ակնոցները: Բրինը հայտնել է, որ ինքն արդեն 15 տարի է զբաղվում է որոնման այնպիսի տեխնոլոգիայի մշակմամբ, որը անհրաժեշտ տեղեկությունը ցույց կտար առանց մարդու հարցման:  Ըստ ձեռնարկատիրոջ`  Google Glass-ը դա անելու ունակ առաջին սարքն է: 

Ավելի վաղ Google-ը հայտնել էր  Glass-ի բաց փորձարկումների ծրագրի մեկնարկի մասին: