Քննիչները ստուգումներ են սկսել «Սկոլկովո» ընկերության կողմից 3,5 մլրդ դռուբլու ոչ նպատակային օգտագործման փաստի առթիվ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
Ռուսաստանի ԱԴԾ-ից եւ Հաշվիչ պալատից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` այդ գումարները, որոնք տրամադրվել են դաշնային բյուջեից` գիտաքաղաքի զարգացման համար, կես տարվա ընթացքում տեղաբաշխվել են «Մետկոմբանկի» դեպոզիտներում, որը պատկանում է «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Վիկտոր Վեկսելբերգին:
Բացի այդ, քննության վարկածով, Հիմնադրամն ու նրա «դուստրերը» որպես դրամաշնորհ ավելի քան 400 մլն ռուբլի են փոխանցել ընկերությանը, որը չի մասնակցել «Սկոլկովո» նախագծին, ինչպես նաեւ 37 մլն ռուբլի փոխանցվել է կապալառու կազմակերպություններին` պայմանագրերում չնախատեսված աշխատանքների համար, հաղորդում է KM.RU-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունը Հաշվիչ պալատի ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցել «Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության ֆինանսական բաժնի տնօրեն Կիրիլ Լուգովցեւի, «Սկոլկովո» մաքսային-ֆինանսական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Խոխլովի եւ այլ անձանց նկատմամբ, հայտնում է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
Քննության վարկածով՝ 2011թ. «Սկոլկովո» հիմնադրամը հիմնել է «Սկոլկովո» ՍՊԸ մաքսային-ֆինանսական դուստր ձեռնարկությունը, որի խնդիրն էր մաքսային բեռների ձեւակերպումը: Բյուջեից հատկացված միջոցները ծախսվել են «Սկոլկովո»-ի շենքի վրա, որը վարձակալել էին «Նիկա» ՍՊԸ-ից, որը պատկանում էր Լուգովցեւի ծնողներին: Վարձակալության պայմանագիրն այնպես էր կնքված, որ դրամական բոլոր միջոցները երեք տարվա կանխավճարով են փոխանցվել՝ առանց համաձայնագրի լուծման դեպքում վերադարձի իրավունքի:
Այդկերպ, Լուգովցեւի, Խոխլովի եւ այլ անձանց գործողությունների արդյունքում 23 մլն 801 հազար 100 ռուբլու յուրացումներ են կատարվել «Սկոլկովո»-ին հատկացված պետական միջոցներից: Ավելին, պարզվել է, որ 300-600 հազար ռուբլի աշխատավարձով 10 հաստիք ունեցող «Սկոլկովո» մաքսային-ֆինանսական ընկերության միջոցով մաքսային ընդամենը մեկ գործողություն է կատարվել:
Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ «Սկոլկովո» ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել էր 2010թ. նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Նպատակը գիտության զարգացման բարենպաստ միջավայրի ստեղծումն ու ժամանակակից հետազոտությունների հավաքագրումն էր:




























