Ամերիկացի գիտնականները նախորդ տարվա օգոստոսին ուղարկած գիտական արբանյակների օգնությամբ հայտնաբերել են Երկրի եւս մեկ ռադիացիոն գոտի:  ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունն այդ երեւույթն անվանել է «առեղծվածային» եւ «բացառիկ»:

«Մենք չգիտենք, թե նախկինում ինչու չենք տեսել այդ  գոտին: Բնությունը շարունակում է զարմացնել մեզ», - խոստովանել է Հոդարդի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնի առաջատար մասնագետ Շրի Կանեկալը:

Նա հայտնել է, որ երրորդ ռադիացիոն գոտին հայտնաբերվել է արդեն գոյություն ունեցող գոտիների միջեւ, որոնք գտնվում են Երկրից մի քանի հազար կմ բարձրության վրա: Դիտարկումներից մեկ ամիս անց ռադիացիոն գոտին անհետացել էր Արեգակի վրա հզոր պայթունից հետո` դրսեւորելով իր փոփոխական բնույթը, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

NASA-ի աշխատակիցները կարծում են, որ այս բացահայտումը փոխում է դեռեւս 1958թ. հայտնաբերված Երկրի ռադիացիոն գոտիների մասին ներկայիս գիտական պատկերացումները: