Համակարգիչ օգտագործող ցանկացած բանկ պետք է պարտադիր տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ անցկացնի։ NEWS.am- Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց ՏՏ անվտանգության աուդիտի բելգիացի մասնագետ Ալեքսիս Հիրշհորնը՝ ավելացնելով, որ Հայաստանի բանկերում ՏՏ անվտանգության վերահսկողությունը դեռ ցածր մակարդակի վրա է։ «Հայաստանի բանկերում պարբերաբար ֆինանսական աուդիտ է իրականացվում, բայց ֆինանսների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող համակարգիչներն ու գործող ծրագրերի հնարավոր թերությունները գտնելու վերաբերյալ գրեթե ուսումնասիրություն չի կատարվում»,-ասաց մասնագետը:

Ըստ Ա. Հիրշհորնի` ՏՏ անվտանգության աուդիտը հնարավորություն է տալիս գնահատել համակարգերի, ցանցերի անվտանգությունը, ինչպես նաեւ տեղեկատվության ֆիզիկական անվտանգությունը ու հասկանալ հնարավոր ռիսկերը։ «ՏՏ անվտանգության աուդիտը թույլ է տալիս նաեւ որոշել, թե որքանով են արդիական ներկա լուծումները, ինչպես նաեւ զգալիորեն կրճատել ծախսերը, քանի որ, թերությունների հայտնաբերման դեպքում առաջարկում է ավելի օպտիմալ եւ արդյունավետ լուծում», — ասաց նա՝ ավելացնելով, որ բաժնետոմսերի թողարկում նախատեսող բանկերը պարտավոր են ՏՏ անվտանգության աուդիտ անցկացնել։

Հիրշհորնը նշեց, որ ՏՏ անվտանգության աուդիտի շնորհիվ պատկերացում է կազմվում բանկի տեղեկատվական անվտանգության մակարդակի մասին, իսկ աուդիտը չի վերաբերում միայն սարքավորումներին։ «Աուդիտը լայն սպեկտր է ներառում՝ սկսած սերվերների ֆիզիկական անվտանգությունից, այսինքն՝ ո՞վ է մուտք գործում սերվերների սենյակ, կամ հաշվի՞ է առնվում, թե բանկի աշխատակիցները ինչ աստիճանի գաղտնապահություն են դրսեւորում»,-ասաց նա, որպես օրինակ նշելով, որ աշխատակիները, երբեմն իրենց գաղտնաբառը գրում են թղթի վրա, եւ փակցնում ստեղնաշարին, որպեսզի ջանք չգործադրեն հիշելու այն։

«Աուդիտը թիմային աշխատանք է, եւ մենք մտադիր ենք բանկերի մասնագետների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ արդյունքի հասնելու համար»,- նշեց եվրոպացի մասնագետը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի բանկերը կսկսեն ավելի կարեւորել ՏՏ անվտանգության աուդիտը: