SpaceX ընկերության մասնագետներին հաջողվել է վերականգնել  Dragon-ի բոլոր շարժիչների աշխատանքը: Տիեզերանավը դուրս է եկել կառավարվող թռիչքի, ասված է ընկերության հիմնադիր Էլոն Մասկի միկրոբլոգում:

Ավելի ուշ նա հայտնել է, որ ինժեներներն արդեն ձեռնամուխ են եղել սարքն ավելի բարձր ուղեծիր դուրս բերելու աշխատանքներին, հայտնում է rbc-ն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Dragon բեռնատար տիեզերանավը սովորական ռեժիմով շարժվում է դեպի ՄՏԿ: 

Space Exploration Technologies ամերիկյան ընկերության տիեզերանավի մեկնարկը տեղի էր ունեցել մարտի 1-ին` ԱՄՆ-ի Արեւելյան  ափի ժամանակով ժ. 10:10 (Երեւանի ժամանակով` 19:10), Կանավերալից: Falcon-9 հրթիռակրի արձակումից 10 րոպե անց  անօդաչու բեռնատար տիեզերանավում անսարքություն էր ծագել. չէին գործել չորս շարժիչներից երեքը: Երկու ժամ անց Space X-ի մասնագետներին հաջողվել էր վերացնել անսարքությունը:

Սկզբնապես ՄՏԿ-ին միակցումը նախատեսվել էր մարտի 2-ին: NASA-ում ճշտել են, որ այժմ այն տեղի կունենա մարտի 3-ի առավոտյան: 
Dragon-ը կայան է տեղափոխում բեռներ, այդ թվում գիտական սարքավորումներ եւ ապրանքներ` 600 կգ քաշով:  Իսկ Երկիր կբերի փարձարկումների արդյունքները, անպետք  սարքեր եւ աղբ: Տիեզերանավը պետք է վայրէջք կատարի մարտի 25-ին` Քալիֆորնիայից ոչ հեռու: