Ամերիկացի հաքերը, ով թալանել էր բանկերից մեկը՝ ավանդատուների կրեդիտ քարտերից հանելով ընդհանուր հաշվով ավելի քան 1,8 միլիոն դոլար, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ազատազրկվելուց բացի հաքերն իր զոհերին պետք վճարի 27,5 միլիոն դոլար փոխհատուցում։

Սան Ֆրանցիսկոյի 37-ամյա բնակիչ Բաթլերը, ով պաշտոնապես փոխել էր փաստաթղթերը եւ նոր՝ Մաքս Ռեյ Վիժն անունը վերցրել, դեռեւս անցած տարվա հունիսին մեղադրվել էր այլ հաքերների հետ համագործակցության մեջ։ Վերջիներս ստեղծել էին գողացված բանկային տվյալների փոխանակման կենտրոն։ Սակայն «Մաքսին» հաջողվեց ավելի «արդյունավետ» օգտագործել կրեդիտային համակարգերի գաղտնի տվյալները։

Հաքերը 7 տարեկանից տարված է եղել տեխնիկայով։ Դատարանում պատմել է, որ հաքերությունը նրան սուր զգացողություններ է տվել եւ թմրադեղերի նման կախվածության մեջ է եղել դրանից։ «Մաքսի» հավաստմամբ, հիմա նա փոխվել է եւ գիտակցում է, որ ճիշտ չէր։