Հայաստանի առաջնահերթ խնդիրը Ռուսաստանի, Եվրոպայի եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացման հասնելն է: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին, «Ռուս-հայկական երկխոսություն. Քաղաքական եւ հումանիտար ձեւաչափեր» Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետի խոսքով` Իրանի սահմանին էլեկտրակայան է կառուցվում, Եվրոպայի հետ Հայաստանն առեւտրային համաձայնագրեր է ստորագրում, Ռուսաստանի հետ ռազմական, հաղորդակցային կապեր է ստեղծում:  «Սակայն Հայաստանում խանդով են վերաբերվում ռուս-ադրբեջանական հարաբերություններին», – հավելել է փորձագետը:

Հեռուստակամուրջի այլ մասնակից, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իր հերթին կատակով հավելել է, որ խանդը սիրո նշան է, եւ ընդգծել. «Անկասկած, մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի ջանքերը, նա որոշակի դիրքորոշումներով է հանդես գալիս եւ շատ բան է արել  հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am