Curiosity մարսագնացի կառավարման համակարգի գլխավոր համակարգչի աշխատանքը կվերականգնվի մեկ շաբաթ անց, հայտնել է Քալիֆորնիայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչը: Ըստ նրա` սարքն այժմ հարկադիր հանգստի է անցել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Անցյալ շաբաթ ՌՇԼ-ի աշխատակիցները հայտնաբերել էին, որ Curiosity-ն ամբողջական ծավալով չի հաղորդում տեղեկատվությունը, չի անցնում նաեւ քնի ռեժիմի: Գիտնականները որոշել էին, որ խնդիրը կառավարման համակարգի գլխավոր «A» մեքենայի ֆլեշ հիշողության մեջ է: Ներկայումս նրանք օգտագործում են գլխավոր համակարգչի պահուստային պատճենը` «B» համակարգը:
Curiosity-ն Մարս էր հասել նախորդ տարվա օգոստոսի 6-ին` Գեյլ խառնարանի ուսումնասիրության համար: Սպասվում է, որ այն Կարմիր մոլորակում կգտնվի 687 երկրային օր: Նախագծի համար ՆԱՍԱ-ն 2,5 միլիարդ դոլար է ծախսել:




























