Մարտին արդեն ավանդաբար դարձած իրանցի զբոսաշրջիկների զանգվածային այցելություններ 2013 թ. չեն սպասվում: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անի պլազա» հյուրանոցի տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Իրանում բարդ իրավիճակով: «Իրանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ պարզապես ի վիճակի չեն դուրս գալու»,-ասաց Մ. Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրանցի զբոսաշրջիկներ ներկայումս չկան, կամ գրեթե չկան:

Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանն էլ նշեց, որ այս տարվա մարտը աննախադեպ է զբոսաշրջիկների ցածր հոսքի տեսանկյունից:

Նշենք, որ Նովրուզի տոնին (մարտի 21) տասնյակ հազարավոր իրանցիներ նախընտրում են ճամփորդել: Այդ շրջանում Հայաստան են այցելում մոտ 15-20 հազ. իրանցի զբոսաշրջիկ: Սակայն անցյալ տարվանից, կապված իրանական արժույթի կտրուկ արժեզրկման հետ, իրանցի զբոսաշրջիկների թիվը սկսեց նվազել: