Ուգո Չավեսի մահը ցնցել է Վենեսուելան: Մայրաքաղաքի փողոցները լեփ-լեցուն են Չավեսի համակիրներով: Մարդիկ հեկեկում են՝ ձեռքներին կոմանդանտեի նկարներով պաստառներ:

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ժողովրդին կոչ է արել ողբերգական լուրին քաջաբար դիմանալ. «Մենք պետք է  միավորվենք՝ ինչպես երբեք, անհրաժեշտ է  խիստ կարգուկանոն, աջակցություն եւ բարեկամություն… Այդ մեծագույն մարդու արժանի որդիները լինենք, ինչպիսին եղել եւ մեր հիշողության մեջ կմնա կոմանդանտե Ուգո Չավեսը», հաղորդում է ՆՏՎ-ն:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում յոթնօրյա սուգ է հայտարարվել: Եռօրյա սուգ է հայտարարվել նաեւ Լատինական Ամերիկայի մյուս երկրներում՝ Կուբայում, Արգենտինայում եւ Էկվադորում, հայտնում է gazeta.ru-ն:

Բրազիլիայի, Բոլիվիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Պերուի նախագահները հայտնել են, որ մոտ ժամանակներս կժամանեն Կարակաս՝ Չավեսի հուղարկավորությանը ներկա գտնվելու համար: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան խոստացել է շարունակել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների «անկախության» պայքարը՝ ի հիշատակ Չավեսի: 

«Կոմսոմոլսկայա պրավդա վ Բելառուսիի»-ն հայտնում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է խոնարհել երկրի պետական դրոշները Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ:  Բելառուսի հեռուստատեսության եւ ռադիոյի կայքում նշվում է, որ Բելառուսի ժողովուրդը սգում է Չավեսի մահը եւ ցավակցում Վենեսուելայի քաղաքացիներին: