Եվրոպական հանձնաժողովը Microsoft-ին տուգանել է 561 միլիոն եվրոյով, քանի որ ընկերությունը չէր կատարել Windows օպերացիոն համակարգի կազմում «բրաուզերի ընտրության պատուհան» ծառայությունը ներառելու իր խոստումը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ իրենք առաջին անգամ են պատժում ընկերությանը՝ նախկին հրահանգները չկատարելու համար, եւ Microsoft-ի արարքն անվանել են «շատ լուրջ խախտում», գրում է lenta.ru -ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Հիշեցնենք, որ Microsoft-ի «բրաուզերային» գործը ձգձգվում է արդեն 10 տարի: Ծրագրի ստեղծողը ԵՄ-ի կողմից արդեն մի քանի նախազգուշացումներ ստացել էր, սակայն չէր կատարել պահանջները:
2009թ. Եվրահանձնաժողովը Սթիվ Բալմերի ընկերությանը պարտավորեցրել էր համակարգիչը միացնելիս բրաուզերի ընտրության հնարավորությամբ պատուհան ցուցադրել, որտեղ կլիներ ոչ միայն Internet Explorer-ը, այլեւ Chrome-ը, Firefox-ը, Safari-ն եւ այլն: Սակայն 2009թ. հոկտեմբերին թողարկված Windows 7-ում նման գործառույթ այդպես էլ չհայտնվեց: Microsoft-ը դրա բացակայությունը մեկնաբանել էր «տեխնիկական սխալով»:
2008թ. բրաուզերների եվրոպական շուկայում Internet Explorer-ի (IE) մասնաբաժինը կրճատվել է գրեթե երկու անգամ: Ըստ StatCounter-ի վիճակագրության՝ 2013թ. հունվարին IE-ն 24%-ով երրորդ տեղն է զբաղեցրել: Առաջին տեղում է Google Chrome-ը (35%), երկրորդում՝ Mozilla Firefox-ը (29%):



























