Թեհրանում հայտնվել են հինգ կիլոգրամանոց մուտանտ առնետներ, որոնք ահաբեկում են տեղի բնակիչներին: Սարսափելի գազաններին որսալու համար դիպուկահարների հատուկ ջոկատներ են պարեկում:
Այս պահի դրությամբ սպանվել է ավելի քան երկու հազար մուտանտ, սակայն նրանց թիվը չի պակասում: Համալսարանի պրոֆեսոր Իսմայիլ Քահրամը կարծում է, թե առնետների անոմալ չափերի պատճառը մուտացիան է, որը հարուցվել է ռադիացիայով կամ քիմիկատների արտահոսքով: «Այդ կրծողները ավելի մեծ են, քան պետք է լինել, եւ այլ տեսք ունեն: Նման փոփոխությունները նորմալ չեն: Սովորաբար դրա համար էվոլյուցիայի միլիոնավոր տարիներ են հարկավոր: Նրանց քաշը 60 գրամից հասել է հինգ կիլոգրամի, նրանք այժմ կատուներից մեծ են»,- պատմել է Քահրամը` հավելելով, թե կատուները վախենում են որսալ նրանց, իսկ թույնը, որով սովորաբար սպանում են առնետներին, չի ազդում մուտանտների վրա:
Ինչպես գրում է «Նովիե իզվեստիա»-ն, դոկտոր Դեւիդ Բեյքերը Լուիզիանայի համալսարանից կարծում է, թե առնետները կարող էին քաշ հավաքել, բայց դա դժվար թե մուտացիայի հետեւանք լինի: «Գործնականում բոլոր գենետիկ մուտացիաները կենդանական այս կամ այն տեսակին անհարմարություններ են պատճառում, քան օգուտ: Կենսաբանության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչ ֆանտաստիկ ֆիլմերում»,- նշել է նա:





























