Tetris, Pac-man, SimCity 2000, Another World, Portal եւ եւս մի քանի հայտնի տեսախաղեր էքսպոնատներ են դարձել Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում: Դրանք ներկայացված են հատուկ դահլիճում` մոնիտորներով:
Ցուցահանդեսի համակարգող Լաուրա Անտոնելլիի խոսքով` «այդ հավաքածուն ընդգծում է յուրաքանչյուր խաղի ոչ միայն վիզուալ որակը եւ գեղարվեստական արժեքը, այլեւ խաղացողի հետ փոխազդեցության ձեւն ու կոդի էլեգանտությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն ոչ բոլորն են կարծում, որ Tetris-ն իրավունք ունի տեղ զբաղեցնել Մոնեի եւ Մունկոմի արվեստի հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ժամանակակից արվեստի թանգարանը 14 տեսախաղ է ձեռք բերել, որոնք դարձել են ճարտարապետության եւ դիզայնի բաժնի նոր հավաքածուի մաս: Ցուցադրությունը կբացի 2013թ. մարտին, գրում է «Lenta.ru»-ն:
Հավաքածուում տեղ են գտել Pac-Man (1980), Tetris (1984), Another World (1991), Myst (1993), SimCity 2000 (1994), Vib-Ribbon (1999), The Sims (2000), Katamari Damacy (2004), EVE Online (2003), Dwarf Fortress (2006), Portal (2007), flOw (2006), Passage (2008) եւ Canabalt (2009) համակարգչային խաղերը:
Թանգարանը ծրագրում է առաջիկա տարիներին ընդհանուր առմամբ հավաքել քառասուն անուն խաղ: Ենթադրվում է, որ հավաքածուն կհամալրեն նաեւ Spacewar! (1962), Super Mario Bros. (1985), Grim Fandango (1998) եւ Minecraft (2011) խաղերը:
Բաժնի պատասխանատու Պաոլա Անտոնելիի խոսքով` խաղերի ընտրությունը կատարվում է այն հիմնական չափանիշներով, որով մասնագետներն առաջնորդվում են շատ հավաքածուների ստեղծման ժամանակ: Մասնավորապես հետաքրքրել են սյուժեն, խաղերի գործողությունների վայրը, գործողությունների ժամանակը, վիզուալ շարքը:




























