Curiosity մարսագնացը ժամանակավորապես հանգստի ռեժիմի է դրվել՝ Արեգակի մակերեւույթին մարտի 5-ին տեղի ունեցած մագնիսական հզոր փոթորկի ազդեցությունից արժեքավոր սարքը պաշտպանելու համար: Այդ մասին հայտնել է Փասադինեի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կուկը:
NASA-ի տվյալով, պրոտոնների, էլեկտրոնների եւ ծանր տարրերի հոսքից կազմված տաք պլազման 3.2 մլն կմ/ժամ արագությամբ թռչում է Մարսի ուղղությամբ եւ ընդունակ է խափանել մարսագնացի աշխատանքը: Լաբորատորիայում որոշել են ապահովության համար Երկրից տրված հրահանգներով անջատել Curiosity-ի էներգասնուցման համակարգը:
NASA-ի մնացած սարքերը Մարսում աշխատանքը կշարունակեն բնականոն աշխատակարգով, հայտնում է Pravda.ru-ն:
Մարսագնացը Կարմիր մոլորակ էր հասել 2012թ. օգոստոսի 6-ին՝ Գեյլի խառնարան ուսումնասիրելու համար: Այն Մարսում կմնա 687 երկրային օր: Փետրվարի սկզբին մարսագնացը Մարսի հողից առաջին նմուշներն էր վերցրել:




























