Շատ լավ է, որ շարունակվում է իրանի ատոմային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը, քանի որ միշտ վտանգ կա, թե կարող են ուժային պատժամիջոցներ կիրառվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ակնհայտ է, որ մեզ ձեռնտու չէ Իրանին հասցված անգամ աննշան հարվածը: Այս պահին բարդ է խոսել բանակցությունների էության մասին, քանի որ դրանք փակ են: Բացի այդ, Իսլամական Հանրապետության դիրքորոշումը բավական կոշտ է, եւ հնարավոր չէ կանխատեսել` բանակցություններն արդյունք կտան, թե ոչ»,- ասել է քաղաքագետը: Նրա համոզմամբ, եթե քաղաքական բանակցություններ են ընթանում, նվազում է ռազմական գործությունների սրման հնարավորությունը: Նա նաեւ հավելել է. «Ես կարծում եմ` Իրանն իրավունք ունի ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու»:

Իրանում հունիսի 14-ին կայանալու են նախագահական ընտրություններ: Փորձագետը կարծիք հայտնեց, որ իրական իշխանության ղեկին հոգեւոր առաջնորդներն են, հետեւաբար նորընտիր նախագահն ի վիճակի չի լինի փոխել երկրի կոշտ դիրքորոշումը ատոմային ծրագրի հարցում: Ըստ Գրիգորյնաի, հնարավոր է Արեւմուտքի քաղաքականության մեղմացում, քանի որ եվրոպական երկրների մեծ մասը մեղմ դիրքորոշում ունի: