Ադրբեջանը կարեւոր երկիր է հերոինի եւ այլ թմրամիջոցների տարանցման համար, քանի որ երկիրը գտնվում է Աֆղանստանից եւ Իրանից դեպի Ռուսաստանեւ Եվրոպա թմրաթրաֆիքի հիմնական երթուղիների վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության «Թմրամիջոցների վերահսկողության միջազգային ռազմավարություն-2013» անունը կրող զեկույցում:
Շնորհիվ Ադրբեջանի աշխարհագրական դիրքի, ամեն տարի, որպես տարանցիկ երկիր, Ադրբեջան է մտնում մինչեւ 11 տոննա հերոին: Զեկույցում նշվում է, որ մեծ մասը ստացվում է Իրանի հետ հարավային սահմանից: Ադրբեջանը թմրամիջոցների թրաֆիքի համար ավելի բարենպաստ տարանցիկ երկիր է, քան Վրաստանն ու Թուրքիան, որոնք վերջին տարիներին կատարելագործել են սահմանապահ վերահսկողության ընթացակարգերը:
«Թեեւ Ադրբեջանի կառավարությունը ցանկություն է հայտնել լուծել թմրամիջոցների տարանցման խնդիրը, սակայն կառավարության կողմից իրականացվող ծրագրերը բավարար չեն, ինչը զգալիորեն խոչընդոտում է առաջընթացին»,-նշվում է զեկույցում:




























