Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է «Արմենթել»-ի դեմ կատարված հանցագործությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 15-ին «Արմենթել» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` անհայտ քաղաքացիների կողմից իրենց կազմակերպությանը խոշոր չափի դրամական վնաս պատճառելու վերաբերյալ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախկինում դատապարտված, 1979թ. ծնված Սեյրան Մ.-ն եւ 1972թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, 2009թ. չարաշահելով «Արմենթել»-ի վաճառքի մասնագետ Մարգարիտա Ա.-ի վստահությունը, տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով եւ Փարաքարի գյուղապետարանի փաթեթում ընդգրկելու լիազորագրերով «Արմենթել»-ից ձեռք են բերել «Սիմ» քարտեր եւ վաճառել տարբեր քաղաքացիների` յուրաքանչյուրը` 10 հազար դրամով։

Վերջիններս, ըստ նրանց հետ ունեցած պայմանավորվածության, անսահմանափակ խոսել են այդ քարտերով եւ առանց վճարում կատարելու դեն նետել` պարտքերի պատճառով «Արմենթել»-ի կողմից դրանք անջատվելուց հետո։

Սեյրան Մ.-ի եւ Վոլոդյա Հ.-ի գործողությունների արդյունքում «Արմենթել»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 4 մլն 516 հազար դրամի վնաս։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։