NASA-ի մարսագնաց Curiosity-ն դուրս է բերվել հանգստի վիճակից եւ վերսկսել աշխատանքը, հայտնում է Twitter-ում սարքի միկրոբլոգը։

Հաղորդագրությունում նշվում է, որ արեգակնային փոթորիկը սպասվածի նման հզոր չի եղել, հետեւաբար «քնելու» անհրաժեշտություն չկա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաղորդվել էր, որ երկու օր առաջ Արեգակից արտանետված պլազմայի ամպի մոտեցմամբ պայմանավորված՝ մարսագնացը հանգստի վիճակի էր դրվել։

Մարտի 5-ի առավոտյան Արեգակի մակերեւույթից հսկայական պլազմայի ամպ էր արտանետվել, որն այժմ շարժվում է Մարսի ուղղությամբ։ Քանի որ Մարսը զուրկ է գլոբալ մագնիսական դաշտից,  դրա մակերեւույթը ոչ մի կերպ պաշտպանված չէ  Արեգակի բարձր էներգետիկական լիցքով մասնիկներից։ Նման մասնիկները կարող են էլեկտրոնային սխեմայի խափանումներ ստեղծել եւ անգամ ամբողջապես շարքից հանել տիեզերական սարքերը։

Այս պահին NASA-ի մասնագետները պետք է կրկնակի զգույշ լինեն, քանի որ ավելի վաղ հիշողության խափանման պատճառով շարքից դուրս էր եկել մարսագնացի երկու համակարգիչներից մեկը։