Չինաստանի ԱԳ նախարար Յան Ցզեչին հերքել է Պեկինի մասնակցությունը ամերիկյան պարբերականների կայքերի դեմ հաքերային հարձակումներին:

«Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրը, ով կփորձի մեծ աղմուկ ստեղծել անձնական քաղաքական նպատակաների համար կամ սեւացնել այլոց, դա նրան չի հաջողվի անել: մենք հույս ունենք, որ այդ պատմությանը բոլոր առնչություն ունեցողները կդադարեցնեն անհիմն մեղադրանքները: Մենք կտրականապես դեմ ենք, որպեսզի ինտերնետը վերածվի նոր ռեսուրսի կամ զենքի` պետության ներքին գործերին խառնվելու համար»,-հայտարարել է չին  նախարարը, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ 2012-ի փետրվարին, Mandiant ընկերության կիբեր անվտանգության ամերիկացի փորձագետները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է հետեւել ամերիկյան ռեսուրսների վրա հաքերային հարձակումներին, որոնք կատարվել են Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող ռազմակայանից: Այս հայտարարությունը հնչել է երկու օր անց նրանից, երբ New York Times թերթը հայտարարել էր իր կայքի վրա կիբեր հարձակման մասին: Թերթում ենթադրել են, որ կիբեր հարձակման առիթը եղել է Չինաստանի պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հարազատների հարստության վերաբերյալ նյութի հրապարակումը: