YouTube-ի հիմնադիրներից Չադ Հերլին պատմել է նոր վիդեոհոսթինգ ստեղծելու իր ծրագրերի մասին: Ըստ Հերլիի` իր նախագիծը «հիմնականում տեսագրության հետ կապված կլինի... եւ մարդկանց միմյանց հետ աշխատելիս եւ բովանդակություն ստեղծելիս ճկունություն կհաղորդի»: YouTube-ի համահիմնադրի հայտարարությունը հնչել է Թեքսասում South by Southwest-ի (SXSW) կոնֆերանսին, հայտնում է «Hi-Tech vesti»-ն` վկայակոչելով AdWeek-ին:
Նա հայտնել է, որ եթե կոնֆերանսը մեկ ամիս ուշ տեղի ունենար, ապա ինքը կկարողանար ներկայացնել նոր արտադրանքը: Հերլին հավելել է, որ նախագծի նպատակը YouTube-ը «սպանելը» չէ, որի համար «միշտ էլ տեղ կգտնվի», այլ սկզբունքորեն այլ պլատֆորմ ստեղծելը, որն ավելի հարմար է համատեղ աշխատանքի համար:
Հերլին, որը դիզայներ էր աշխատում PayPal-ում, YouTube-ը հիմնադրել էր 2005թ.: Նրա գործընկերներն էին ծրագրավորողներ Սթիվ Չենը եւ Ջավեդ Քարիմը: Արդեն 2006թ. աշնանը նախագիծը վաճառվել էր Google-ին` 1,65 միլիարդ դոլարով: Ընկերությունից Հերլին հեռացել էր չորս տարի անց` 2010թ. վերջին, որպեսզի զբաղվի տղամարդու հագուստի արտադրությամբ:




























