Միայն «ԱրմենՏել» ընկերության ցանցով «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող երգչին ընտրելու համար 15 րոպեում, այսինքն՝ SMS քվեարկության հատկացված ժամանակահատվածում 25,500 SMS հաղորդագրություն է ուղարկվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը քվեարկության ընթաքում SMS հաղորդագրությունների ուղարկման որեւէ խնդիր չի ունեցել։ «Ընկերության անունից հայտարարում եմ, որ „ԱրմենՏելը“ որեւէ խնդիրներ չի ունեցել քվեարկության ընթացքում հաղորդագրությունների ուղարկման ժամանակ»,-ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը ընդհանրապես կապ չունի SMS ստացման հետագա առաջացած բարդությունների հետ։ Մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ ընկերությունը նաեւ չի կարող ուղարկման պահին հաղորդագրությունների պարունակությանը ծանոթ լինել, քանի որ տեխնիկական հնարավորություններ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան մրցույթին SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Եվա Ռիվասը։ Մասնակիցներ Էմմին ու Միհրանը, ապա նաեւ Ռազմիկ Ամյանը, լքել են բեմը, երբ հայտարարվել է SMS քվեարկության արդյունքները, ըստ որոնց, 6000 SMS ստացել է Եվա Ռիվասը, իսկ Ռազմիկ Ամյանն ու Էմին միասին 1400 SMS:

Տեղեկացնենք, որ SMS քվեարկությունն իրականացրել է «Ինտերմոբ» ընկերությունը, որը հաղորդագրություններ պետք է ստանար Հայաստանի երեք բջջային օպերատորներից։

Փետրվարի 15-ին երգչուհի Էմիի մայրը՝ Նադեժդա Սարգսյանը հայտարարել է, որ դիմելու է դատարան, հնարավոր կեղծիքները մասին փաստերը հավաքելուց հետո։

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Եվա Ռիվասին աջակցում է հայտնի գործարար, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը: