Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում դիտարկում են «գիտական վաշտերի» ստեղծման հնարավորությունը, որտեղ ուսանողները ռազմական գերատեսչության համար գիտատեխնիկական ուսումնասիրություններ կիրականացնեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Բաումանի անվան Մուրմանսկի պետական տեխնիկական համալսարանում ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում:

Շոյգուն նշել է, որ զորակոչիկները ծառայություն կանցնեն՝ չլքելով բուհը, եւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել նրանց գիտահետազոտական եւ կոնստրուկտորական աշխատանքները, գրում է grani.ru-ն:

Փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ ռեկտորներ դիմել էին պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով քաղաքացիական բուհերի ուսանողներին արձակուրդների ընթացքում զինծառայության ուղարկել: Ուսանողների համար առաջարկվում է բանակում ներդնել իննամսյա ժամկետային ծառայություն՝ տարեկան երեք ամսով: Մեկամյա ծառայության համար անբավարար երեք ամիսը առաջարկվում է հաշվարկել այդ ուսանողների ռազմական ամբիոնում ուսանելու ժամկետից: Ուսանողներին ամբողջությամբ արձակուրդից չզրկելու համար բակալավրի ուսուցման ժամկետը կարող է ներկայիս 4 տարվանից դառնալ 4,5 տարի:

Զինվոր-ուսանողները ծառայություն կանցնեն տան մոտակա զորամասերում՝ ռազմական ամբիոնում ուսման ուղղվածությանը համապատասխան. Օրինակ, ՄՊՀ-ի  մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները կծառայեն հակաօդային պաշտպանությունում, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները՝ հրթիռային զորքերում: