Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է գործի դնել դիվանագիտական ուղիները` ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռայիսին Mehr պարսկական գործակալության հետ հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «Tehran Times»-ը:
«Եթե հակամարտության մեջ գտնվող կողմերը նման խնդրանքով դիմեն, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել` լուծել այն խաղաղ ճանապարհով»,- հարցազրույցի ժամանակ ասել է Մոհամադ Ռայիսին:
Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ առաջարկել է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 2010 թվականի ապրիլին այդ ժամանակվա Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոտաքին ներկայացրել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանիպման առաջարկություն` ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար:




























