Ռուս գիտնականները հերքել են սեփական հայտարարություններն այն մասին, որ իրենց հաջողվել է կյանքի նոր տեսակ հայտնաբերել Անտարկտիկայի Վոստոկ լճում: Անցյալ շաբաթ Պետերբուրգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Սերգեյ Բուլատը հաղորդել էր, որ անցյալ տարի լճից վերցված ջրի մեջ հայտնաբերվել են բակտերիաների «չճանաչված» եւ «չդասակարգված» ԴՆԹ-ներ: Սակայն ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Կորոլյովը հերքել է աշխատակցի հայտարարությունը` նշելով, որ գտնված օրինակների եզակիության հաստատումները ժամանակավրեպ էին:
Կորոլյովի խոսքով` Վոստոկ լճում հայտնաբերված կյանքի միակ տեսակը հիվանդության կենսաբանական հարուցիչներ են, որոնք ջրի մեջ են հայտնվել, հավանաբար, լաբորատոր միջավայրից կամ հենց գիտնականներից: «Մենք դեռ չենք կարող ասել, որ անհայտ բակտերիաներ ենք հայտնաբերել»,-հաղորդել է նա:
Ընդ որում ինստիտուտի ղեկավարն ընդգծել է, որ հաջորդ տարվա սկզբին արդեն, նոր սարքավորումը կօգնի գիտնականներին ձեռք բերել Վոստոկ լճի ջրի ավելի մաքուր օրինակներ, հաղորդում է CyberSecurity.ru-ն:



























