Չիլիի Անդերում տեղի է ունեցել աշխարհում ամենամեծ The Atacama Large Millimeter/submillimeter Array – ALMA ռադիոհեռադիտակի բացման հանդիսավոր արարողությունը: ALMA-ն Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Արեւելյան Ասիայի եւ Չիլիի Հանրապետության գիտնականների եւ ինժեներների համագործակցության արտադրանքն է:  Արարողությանը որպես պատվավոր հյուր ներկա է գտնվել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան, որն անձամբ է ALMA-ի ալեհավաքի մի մասը բերել Չահնանտորի սարահարթ: 

Հեռադիտակի շինարարությունն սկսվել էր 2003թ.: Ընդհանուր արժեքը կազմել է 1,4 միլիարդ դոլար: Նախագծին մասնակցում են Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան եւ Չիլին: 

ALMA-ի 12 մետրանոց  54 եւ7 մետրանոց 12 ալեհավաքները միասին աշխատում են որպես մեկ ամբողջություն, որպես մեկ հեռադիտակ: Բոլոր ալեհավաքների ազդանշանները գումարվում եւ մշակվում են  մասնագիտացված գերհամակարգչի` ALMA-ի կորելյատորի կողմից: ALMA-ի 66 ալեհավաքները կարող են դրվել տարբեր դիրքերով, ընդ որում նրանց միջեւ հեռավորութունը կարող է փոխվել 150մ-ից միչեւ 16 կմ-ի, գրում է gazeta.ru-ն:

Մինչեւ պաշտոնական բացումը ALMA-ում աշխատող աստղագետներին հաջողվել էր տեսնել ձեւավորվող աստղային համակարգում նյութերի հոսքը, լուսանկարել ընկնող աստղի հրե պարույրը, ինչպես նաեւ աստղերից մեկում հայտնաբերել սովորական շաքարի`գլիկոլալդեգիդի հետքեր, գրում է lenta.ru-ն: