Բարսելոնայում անցկացվել է ամենամյա համաշխարհային Mobile World Congress համաժողովը՝  հեռահաղորդակցային ոլորտի ձեռքբերումների եւ բջջային տեխոլոգիաների ինքնատիպ ցուցահանդես-տոնավաճառը: Նորույթներ են ներկայացրել 1500 ընկերություններ, այդ թվում՝ ռուսական:

Apple-ն ավանդաբար չի մասնակցել, այն նախընտրում է իր արտադրանքը գաղտնի պայմաններում ներկայացնել:

Թայվանական հսկա  HTC-ն իր նոր HTC One-ը Mobile World Congress-ից մի քանի օր առաջ ներկայացրել էր Նյու Յորքում եւ Լոնդոնում: Այնուամենայնիվ, գնորդները հնարավորություն ունեին Բարսելոնայում ծանոթանալ նորույթին: Նույն կերպ վարվել էր նաեւ Samsung-ը՝ երկու օր առաջ ներկայացնելով Galaxy Note 8.0 պլանշետը, գրում է rbc-ն:

Ընդհանուր առմամբ, մասնակցում էին համաշխարհային առաջատարները՝ Samsung, Nokia, LG, Sony, Asus եւ այլն: MWC-ում նույնիսկ ռուսական առաջին սմարթֆոնն է ներկայացվել՝  YotaPhone-ը, որն ունի կրկնակի էկրան. Նման բան ոչ մի ընկերություն մինչ այժմ չէր արել: Երկրորդ էկրանը մասնավորապես կարող է օգտագործվել էլեկտրոնային գրքեր կարդալու համար:

Հետաքրքիր նորույթ է ներկայացրել ճապոնական Sony-ն. Xperia Tablet Z պլանշետը հուսալիորեն պաշտպանված է ոչ միայն փոշուց, այլեւ ջրից: Ցուցահանդեսում ռոբոտը հիացած հանդիսատեսի առաջ առանց դադարի  հեռախոսն ընկղմում էր ջրով լի տարայում:

Asus-ը  Բարսելոնայում  ներկայացրել է նորացված  Padfone-ը եւ  Fonepad սմարթֆոնը: Սմարթֆոնը նախկինի պես ունի փաստաթղթային կայան, որը այն վերածում է 10 դյույմանոց պլանշետի՝ 1920х1200 պիքսել թողունակությամբ: Ընդ որում, նման կերպարանափոխությունը չի խանգարում սմարթֆոնի զանգեր ընդունելու գործառույթին: Խոսելու համար միայն պետք է այն հանել  փաստաթղթային կայանից, հետո վերադառնալ. Համակարգը կհիշի բացած բոլոր էջերը:

Asus-ի երկրորդ նորույթը  7 դյույմանոց Fonepad սմարթֆոն-պլանշետն է: 340 գրամանոց փոքրիկը Եվրոպայում բավական մատչելի կլինի, իսկ առանց տեսախցիկի տարբերակն ընդամենը 219 եվրո կարժենա:

Ֆիննական Nokia-ն որոշել է ներկայացնել լավորակ եւ  մատչելի սմարթֆոններ: Ընկերությունն ընդլայնել է թանկարժեք Lumia-ի տեսականին՝ ներկայացնելով Nokia Lumia 520 եւ  Nokia Lumia 720 սարքերը: Ֆինները նաեւ ցածր գնային հատվածի երկու սարք են ներկայացրել՝ Nokia 105 եւ Nokia 301: Առաջինը մտադիր են վաճառել 15 եվրոյով, երկրորդը՝ 65-ով:

Nokia 105-ը պարզագույն մոդել է՝ նվազագույնի հասցված գործառույթներով: Արտադրողը խոստանում է, որ սարքը 35 օր կաշխատի առանց մարտկոցի վերալիցքավորման:  Mobile World Congress-ը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհի արտադրողները ձգտում են ցանկացած գույնի եւ ճաշակի գադջետներ ստեղծել՝ հաշվի առնելով արտադրողների ցանկությունները: Իսկ վաճառքի արդյունքները ցույց կտան, թե ինչն են հավանել գնորդները եւ որ ուղղությամբ կզարգանա հետագա արտադրությունը: