Երեք տիեզերագնացներով «Սոյուզը» վայրէջք է կատարել Ղազախստանում, մարտի 16-ի առավոտյան հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնից: Տիեզերանավը վայրէջք է կատարել նախատեսված վայրում` Ղազախստանի Արկալիկ քաղաքից 86 կմ հյուսիս-արեւելք: 

Ներկայումս որոնողափրկարարական խմբերը շարժվում են դեպի սարքի վայրէջքի վայր, հայտնում է  gazeta.ru-ն:

Ռուս տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին եւ Եվգենի Տարելկինը եւ ամերիկացի Քեւին Ֆորդը Միջազգային տիեզերակայանից դուրս էին եկել մարտի 16-ի գիշերը`մոսկովյան ժամանակով 0:32-ին: Ժամը 3:43-ին տիեզերանավն անջատվել էր կայանից, գրում է lenta.ru-ն:
Երկիր վերադարձած անձնակազմը ՄՏԿ-ում էր 2012թ. հոկտեմբերից եւ այնտեղ անցկացրել է 143 օր:

Ներկայումս ՄՏԿ-ում են մնացել ռուսաստանցի Ռոման Ռոմանենկոն, կանադացի Քրիս Հադֆիլդը եւ ամերիկացի Թոմաս Մաշբերնը:

Հաջորդ` 36-րդ անձնակազմը (Պավել Վինոգրադով, Ալեքսանդր Միսուրկին եւ ամերիկացի Քրիստոֆեր Քեսեդի) Բայկոնուր կմեկնի մարտի 29-ին` «Սոյուզ ՏՄԱ-08Մ» տիեզերանավով:

Սկզբնապես նախատեսվել էր, որ «Սոյուզը» վայրէջք կկատարի մարտի 15-ին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով այն մեկ օրով հետաձգվել էր: