Այսօր՝ մարտի 18-ին, ԵՊԼՀ-ում տեղի է ունեցել Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի նպատակն է տարածել պարսկերենը եւ պարսկական մշակույթը, ինչպես նաեւ նպաստել հայ-պասկական հարաբերությունների զարգացմանը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահամմադ Ռեյիսին:
ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը նախեւառաջ շնորհակալություն է հայտնել դեսպանին իր ներկայությամբ միջոցառումը պատվելու համար, այնուհետեւ խոսել Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնի ներկա եւ հետագա աշխատանքներից: «Մենք պլանավորում ենք Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնը հետագայում դարձնել նաեւ իրանագիտության կենտրոն՝ այդպիսով մեր փոքրիկ ներդրումն ունենալով հայ-պարսկական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման գործում»,-նշել է Գասպարյանը:
Պարոն Ռեյիսին իր խոսքում նշել է, որ «հայ-պարսկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. այդ են վկայում Սպահանում եւ Թեհրանի որոշ համալսարաններում արդեն 50 տարվա գոյություն ունեցող հայագիտական ծրագրերը, Թեհրանում գործող հայալեզու օրաթերթը եւ հանդեսները»:
Դեսպանը նաեւ անակնկալ է մատուցել ԵՊԼՀ-ի պարսկերեն ուսումնասիրող ուսանողներին՝ նորաբաց Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնին նվիրելով դյուրակիր համակարգիչ:
Կենտրոնի բացման շրջանակներում ԵՊԼՀ-ի պարսկերեն ուսումնասիրող ուսանողները բեմադրել են Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի պարսկալեզու տարբերակը եւ նաեւ ասմունքել պարսկերենով:




























