Հայաստանի բարձրագույն ղեկվավարությունը բազմիցս հայտարարել է, որ ինչպես Եվրասիական միության, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության հրացում «կամ սա, կամ նա» սկզբունքի կողմնակիցը չէ, այլ ղեկավարվում է «եւ սա, եւ նա» սկզբունքով:  Այս մասին NEWS.am-ին  ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի հայտարարությունը:

«Չեմ կարծում, որ արհեստական բաժանումը բխում է ժողովրդվարության փիլիսոփայությունից:  Հայաստանի իշխանությունները ինքնանպատակ ոչինչ չեն ձեռնարկում, ամեն ինչ արվում է  երկրի եւ ժողովրդի շահերից ելնելով:  ԱՊՀ եւ ԵՄ ինտեգրացիան բխում է երկրի շահերից»,-ասաց Շարմազանովը` նշելով, որ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացում  կողմերից եւ ոչ մեկը  նախապայմաններ չի առաջադրել:

Շարմազանովը նաեւ կարծիք հայտնեց, որ պայմանների առաջադրումը հարիր չէ եվրոպական ժողովրդավարությանը` նշելով, որ Հայաստնը լավագույն կերպով է կատարում ԵՄ առջեւ ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ փոխխոսնակն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրրքված է իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմամբ:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը նշել էր, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: «Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», - ասել էր Եվրախորհրդարանի պաշտոնյան։