ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արեւելք մեկնելուց երկու օր առաջ Իրանին կոչ է արել անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել միջուկային ծրագրի հարցով համաձայնության գալու նպատակով:

Նովրուզի տոնի առթիվ տեսաուղեձում Օբաման հայտնել է, որ եթե Թեհրանը նման քայլեր ձեռնարկի, ապա Իրանի ժողովուրդը կտեսնի ավելի ընդլայնված առեւտրային հարաբերությունների առավելությունն այլ երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարտի 20-ին իր նախագահության ընթացքում առաջին անգամ Օբաման այցով կժամանի Իսրայել, որի ընթացքում քննարկման գլխավոր թեման կդառնա Իրանի շուրջ իրավիճակը:

Անցյալ շաբաթ Օբաման նորից հայտարարել էր, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել, նաեւ ընդգծել էր, որ տվյալ խնդրի լուծման համար կարեւոր է շարունակել Թեհրանի նկատմամբ  դիվանագիտական ճնշումը: