Հայաստանից 2012 թ. արտահանվել է մոտ 136 հազ. կարատ ադամանդ՝ կիսով չափ պակաս նախորդ տարվա համեմատ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ադամանդագործության անկման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում պահանջարկի նվազումն է:
Երկրորդ պատճառն այն է, որ 2000-ական թվականների բումից հետո, երբ արտահանման ծավալները հասան 300 մլն դոլարի, ներդրումները նվազեցին, ինչի հետեւանքով կորցրինք մրցունակությունը: Այն վերականգնել արդեն շատ դժվար է:
«Այդ շուկան շատ փոփոխական եւ տատանողական է, իսկ մեր ընկերությունները փոքր են: Դժվարը երկարատեւ ու կայուն պայմանագրեր ունենալն է խոշոր խաղորդների հետ, այդ թվում՝ հումքի մատակարարման: Հաճախ մեր օտարերկրյա գործընկերները առաջարկում են ունենալ երկարատեւ պայմանագրեր, բայց դրանք պարունակում են ռիսկեր ու երաշխավորված չեն գնային տատանումներից»,- ասաց Տ. Դավթյանը:
Այնուամենայնիվ՝ ՀՀ կառավարությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի, փորձում է օգնել ադամանդագործներին: Կառավարության աջակցությամբ ու միջնորդությամբ ռուսաստանյան «ԱլՌոսայի» հետ աշխատում են մի քանի ընկերություններ, բայց այստեղ եւս կոնսոլիդացիայի խնդիր կա, քանի որ հումքի մատակարարման համար «ԱլՌոսան» եւս նախընտրում է երկարատեւ պայմանագրերը: Այդ է պատճառը, որ «ԱլՌոսայի» հետ հիմնականում համագործակցում են համեմատաբար խոշոր ընկերությունները:
Տ. Դավթյանի տեղեկացմամբ՝ ներկայում ՀՀ կառավարությունը փորձում է Ռուսաստանի հետ սկսել ազատ առեւտրի ռեժիմի վերաբերյալ բանակցությունները, ինչը թույլ կտա ալմաստի առեւտրից հանել 6% մասհանումը:



























