«Guccifer» կեղծանունով հաքերը կոտրել է Հիլարի Քլինթոնի նախկին խորհրդական Սիդնի Բլյումենթալի փոստը եւ նրա նամակներն ուղարկել է հարյուրավոր քաղաքական գործիչների եւ լրագրողների:
Ինչպես գրում է The Smoking Gun-ը, պաշտոնական աշխատանքի ավարտից հետո Բլյումենտալը շարունակել է Քլինթոնին ուղարկել վերլուծական բնույթի գրառումներ: Դրանց մեջ է եղել նաեւ Լիբիայում ամերիկացի դեսպանի մահվան շուրջ Բլյումենտալի վերլուծությունը: Լրատվամիջոցները դեռ չեն հրապարակել նամակագրության մանրամասները:
Հաքերն իրեն ապահովագրել է կատարելապես. Նա Բլյումենթալի` պետքարտուղարին ուղարկած Word-փաստաթղթերը ներբեռնել է իր էկրանին, փոխել է ֆոնի ծածկագիրն ու գույնը, որից հետո ստացված փաստաթղթերը սքրինշոթ է արել: Այդ գրաֆիկական ֆայլերն էլ նա ուղարկել է իր հասցեատերերին: Ֆայլերն ուղարկելու համար նա օգտվել է նաեւ անհայտ հոլիվուդյան դերասանի կնոջ կոտրված փոստից:
Նամակներն ուղարվել են IP-հասցեից, որը տեղակայված էՌուսաստանի տարածքում: Հաքերի ռուսական ծագում ունենալը հաստատում են նաեւ այն լրացուցիչ գործոնները, որ նամակագրություններն ուղարկվել են ռուսական «Պրավդա», «The Moscow Times», «The St. Petersburg Times» պարբերականներին եւ «Russia Today» հեռուստաալիքին:
Ինչպես նշել է «Լենտա.ռու»-ն, հաքերն իր նախկին հաղորդագրություններում իրեն դրսեւորել է որպես «դավադրական տեսությունների» կողմնակից: Մի քանի օր առաջ Guccifer-ը կոտրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի էջը, եւ այնտեղ տեղադրել է «իլյումինատների», այսինքն պատմական գործընթացները գաղտնի ղեկավարող մարդկանց մահը ցանկանալու մասին գրություններ:



























