Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովում հաստատել են ադրբեջանական կողմի տեղեկությունները` ՀՀ երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի ապօրինի հատման մասին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ներկայումս բանակցություններ են ընթանում երկու անձանց Հայաստան վերադարձնելու շուրջ: Հանձնաժողովի տվյալներով, Մնացական Սարգսի Քառյանը` Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 1926թ. ծնված, սահմանը հատել է մարտի 16-ին, իսկ Անահիտ Համազասպի Առաքելյանը` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված, սահմանը հատել է մարտի 17-ին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՀ պետական հանձնաժողովը դիմել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակ` քաղաքացիական անձանց վերադարձի միջնորդություն ստանձնելու համար: Իրենց հերթին ԿԽՄԿ Երեւանի գրասենյակում հաստատել են տեղեկությունը:

Նշենք, որ խոսքը երկու քաղաքացիական անձանց մասին է, որոնցից մեկը տարեց է: Հենց դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի աննախադեպ շտապողականությունը: Նախկինում գերված հայերն անհամեմատ երկար էին պահվում Ադրբեանում, ինչպես ռազմագերիները, այնպես էլ քաղաքացիական անձինք: