Հայաստանում գործում են համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ, որոնք համակարգիչը վաճառում են չլիցենզավորված ծրագրերի հետ միասին, ինչի հետեւանքով համակարգչի գինն ավելի ցածր է լինում: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ գործարարնեերի հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ այս կերպ այդ ընկերությունները խաբում են սպառողին, քանի որ վերջինները տեղեկացված չեն, որ դրանք ցածրորակ եւ կեղծ ծրագրեր են: Տուժում է նաեւ բարեխիղճ աշխատող ընկերությունը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ համակարգչային ծրագրի կեղծ կամ չլիցենզավորված լինելու հանգամանքը պետք է պարզվի համապատասխան փորձաքննությամբ, եւ եթե «Մայքրոսոֆթ» ընկերությունը կարող է աջակցել մասնագիտական փորձաքննությունների անցկացման հարցում, ապա Հանձնաժողովը անմիջապես համապատասխան ուսումնասիրություն կսկսի:



























