Սաուդյան Արաբիայի իշխանությունները լրտեսության մեղադրանքով 18 մարդու են ձերբակալել: Գործողությունը միաժամանակ անցկացվել է երկրի չորս շրջաններում, ներառյալ Էր Ռիյադում եւ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքում: Ձերբակալություններ են կատարվել նաեւ հիմնականում կրոնական փոքրամասնությամբ՝ շիաներով բնակեցված Արեւելյան նահանգում: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մանսուր ալ Թուրքին:
Ձերբակալվածներից 16-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, կա նաեւ մեկական իրանցի եւ լիբանանցի: Կասկածյալները, ըստ իշխանությունների, շիական բջջի ներկայացուցիչներ են. Նրանք երկրի կենսական կարեւոր օբյեկտների մասին տեղեկություններ են հավաքել եւ վաճառել արտասահմանյան հատուկ ծառայությանը, գրում է utro.ru-ն:
Al Jazeera-ն գրում է, որ լրտեսական ցանց բացահայտելու մասին իշխանությունների հայտարարությունից մի քանի ժամ առաջ իրավապաշտպաններն ազդարարել էին շիաների զանգվածային ձերբակալությունների մասին, այդ թվում՝ երկու հոգեւորականների:




























