Կիպրոսի կառավարությունն ու Կենտրոնական բանկն աշխատում են «Պլան Բ» այլընտրանքային առաջարկության ուղղությամբ` սնանկությունը կանխելու նպատակով: Իսկ այդ ընթացքում Նիկոսիայի բնակիչներն արդյունքների են սպասում` որոշելու, թե ինչպես  պահուստ հավաքեն: Այս մասին գրում է «The Seattle Times»-ը` վկայակոչելով Associated Press-ը:

Ավետիս Բահսեսյանը Նիկոսիայում ռեստորանի սեփականատեր է հանդիսանում արդեն երկար տարիներ: Այժմ, Կիպրոսում տիրող անորոշությունը ստիպել է նրան մտահոգվել իր բիզնեսի համար: «Ինչ էլ որ նրանք որոշել են անել, թող անեն շատ արագ, քանի որ այդ անորոշությունը վնասում է բիզնեսին: Մեր բիզնեսը վերջին մի քանի օրվա ընթացքում կրճատվել է 40 տոկոսով»,- ասել է 41-ամյա գործարարը՝ ավանդական հայկական պիցցա` լահմաջո, պատրաստելու համար խմոր հունցելով:

Բանկոմատները դեռ վճարում են կանխիկ, դեբետային ու կրեդիտային քարտերը դեռ աշխատում են, դրա համար կիպրոսցիներն իրենց առօրյայում դեռ չեն բախվում դրամական միջոցների անմիջական պակասի հետ: