35 տարի առաջ մեկնարկած Voyager-1 զոնդը Երկրում ստեղծված առաջին տիեզերական սարքն էր, որը լքել է Արեգակնային համակարգի սահմանները: Նման սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել  ամերիկացի գիտնականների խումբը` վերլուծելով զոնդի փոխանցած վերջին տվյալները, հայտնում է «Առաջին ալիքը»:

Մինչդեռ vesti.ru-ն հաղորդում է, որ NASA-ի ծրագրով աշխատող Քալիֆորնիայի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ Voyager-1-ը դեռ չի լքել Արեգակնային համակարգի սահմանները: Քալիֆորնիայի տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից Էդվարդ Սթոունը հայտնել է, որ 2012թ. դեկտեմբերին զոնդը հասել էր հելիոոլորտի առաջնային գոտի, որտեղ միավորվում են Արեգակի  մագնիսական դաշտերի եւ աստղամիջյան տարածության ուժային գծերը:

ՆՏՎ-ն հայտնում է, որ NASA-ի մասնագետները վճռական ազդանշանի են սպասում Voyager -1-ից մագնիսական դաշտի կտրուկ փոփոխության վերաբերյալ, որը կնշանակի, որ բեկումը տեղի է ունեցել: Ըստ վերջին տվյալների` զոնդի շուրջ լիցքավորված արեգակնային տարրերի քանակը նվազել է մինչեւ մեկ տոկոս, իսկ տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը երկու անգամ աճել է:  Դա նշանակում է, որ սարքը լքում է հելիոոլորտի սահմաները: 

Voyager 1-ը մեր մոլորակային համակարգից դուրս է շարժվում «մագնիսական ուղիով». այդպես են ֆիզիկոսներն անվանել արեգակնային եւ աստղամիջյան մագնիսական դաշտերի միավորման տարածությունը: Այնտեղ հասնելու համար 1977թ. մեկնարկած սարքն արդեն հաղթահարել է 18 միլիարդ կմ: Ըստ աստղաֆիզիկոսների` եզրագծին հասնելուն նրան մնացել են «հաշված միլիոն» կիլոմետրեր։