ԱՄՆ Տեխասի նահանգի Ամարիլո քաղաքի  երդվյալների դատարանը չորս հայերի մեղադրանք է ներկայացրել մսի բեռների գողության համար:

«Amarillo Globe-News»-ը հայտնում է, որ Շերման Օքսի (Կալիֆոռնիա) 55-ամյա բնակիչ Ռուբեն Աշիկյանին, Գլենդելի (Կալիֆոռնիա) 31-ամյա Լեւոն Աշիկյանին, Նորթ Հալիվուդի (Կալիֆոռնիա) 55-ամյա բնակիչ Գրիգոր Դարմանջյանին  եւ Լյուսի Մելին մեղադրանք է ներկայացվել չորս կետով`  էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախության,  բեռների գողության վերաբերյալ գործարքի, բեռների կողոպուտի եւ դրանց տեղափոխման համար: Նրանք դատարանի առջեւ կկանգնեն այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթ:

Մեղադրանքի համաձայն` երեք տաղմարդիկ, բոլորը հայ ներգաղթյալներ, եւ Մելը, ով ներկայացել է որպես Միչիգանում բեռնափոխադրումների կեղծ կազմակերպության դիսպետչեր, պայմանավորվել են գողացված միսը Ամարիլոյից Կալիֆոռնիա տեղափոխելու մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հետաքննությունը սկսվել էր 2011թ. FBI-ի կողմից, երբ գողերը Թայսոնից տարել էին 82 հազար դոլար արժողությամբ միս: Իրավապահները պարզել էին, որ նրանք եւս 24 նման հանցանք են կատարել 2011թ. ապրիլից մինչ այս տարվա փետրվարը: Ընդհանուր առմամբ, նրանք 4 մլն դոլարի վնաս են տվել: Ձերբակալության ժամանակ Ռուբեն Աշիկյանի մոտից կեղծ վարորդական վկայական են գտել: Առգրավվել է նաեւ «Volvo» մակնիշի բեռնատարը` սառցարանով: