Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաեւ  իրանական այլ քաղաքների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս եւ Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:  Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ երկկողմ գործընկերային կապերի ընդլայնման կարեւորությունը` քաղաքապետն առանձնացրել է հանգամանքը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ իրանցիներ են նախընտրում իրենց տոնական օրերը անցկացնել Երեւանում:

Հատկանշելով մայրաքաղաք Թեհրանի հետ կապերի ակտիվացումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները բավական դրական արդյունք են տվել. «Հույս ունեմ, որ Թեհրանի քաղաքապետի Երեւան կատարելիք հաջորդ այցի ժամանակ արդեն կստորագրվի բարեկամության եւ համագործակցության մասին համաձայնագիրը, որի նախագծի շուրջ արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել»,- նշել է Երեւանի քաղաքապետը հավելելով, որ համաձայնագիրը գործընկերային կապերի ամրապնդման եւ ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ շնորհավորանքների համար` դեսպան Մոհամադ Ռեիսին իր հերթին նշել է, որ հատկապես վերջին շրջանում Երեւանն ավելի ու ավելի է գեղեցկանում, ինչն իր հերթին նպաստում է իրանցի զբոսաշրջիկների հոսքին:  Վերջինս հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երեւան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը: «Կարծում եմ՝ սա մեր երկրների միջեւ բարեկամության լավագույն արտահայտումն է: Այս կարճ ժամանակում Երեւանում դրական փոփոխություններն ակնհայտ են, եւ դրանում մեծ է Ձեր ներդրումը»,- ասել է դեսպանը: Գնահատելով Երեւանի եւ Թեհրանի միջեւ գործակցության բարձր մակարդակը եւ ընդգծելով, որ Երեւանի հետ գործընկերային կապեր հաստատելու եւ ընդլայնելու ուղղությամբ շահագրգռված են նաեւ Իրանի այլ քաղաքներ, դեսպան Ռեիսին նշել է, որ մասնավորապես Շիրազի եւ Սպահանի քաղաքապետերն ուրախ կլինեն իրենց քաղաքներում հյուրընկալելու Տարոն Մարգարյանին:  Դեսպանը նաեւ նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը կնպաստի Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` շարունակելու Երեւանի եւ ԻԻՀ քաղաքների միջեւ համագործակցությունը եւ այդ հարցում քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում աջակցել Իրանի դեսպանությանը: Կարեւորելով համագործակցության զարգացումն ու ակտիվացումը՝ քաղաքապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ առաջիկա համաձայնագրի ստորագրումը էլ ավելի կխթանի համագործակցությունը, եւ արդյունքները շոշափելի կլինեն  համատեղ կյանքի կոչվող բոլոր ծրագրերում: